ԱԺ նախագահը ստացել է Սեյրան Օհանյանի դեմ քրեական հետապնդում հարուցելու միջնորդագրերը

Ալեն Սիմոնյան
ԱԺ նախագահի մամուլի խոսնակը հայտնեց, որ Սեյրան Օհանյանին տեղեկացրել են դատախազի միջնորդագրերի մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ստացել է հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին ներկայացրած 3 միջնորդագրերը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին։
«Ալեն Սիմոնյանը 4 ժամ առաջ է ստացել դատախազի միջնորդությունը։ Դրա մասին տեղեկացրել ենք պարոն Օհանյանին։ Առաջիկա քառօրյային այդ հարցը մտնելու է լիագումար նիստի օրակարգ»,- ասաց Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ առաջին քրեական վարույթի համաձայն՝ Օհանյանը կատարել է առանձնապես խոշոր չափերով վատնում (երկու դրվագ)։
Իսկ երկրորդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալներով էլ նա, հանդիսանալով պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, չի կատարել ծառայողական պարտականությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:
Երրորդ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների համաձայն` Օհանյանը վատնելու եղանակով հափշտակել է խոշոր չափերի գույք:
Հավելենք, որ ԱԺ հերթական քառօրյան կմեկնարկի փետրվարի 7-ին։