Արցախ մտնող միակ գազատարը մասամբ բացվել է

Գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. Ադրբեջանական կողմը մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Կենսական նշանակության ենթակառուցվածքների անխափան գործունեությունն ու բնակչության նվազագույն կարիքները ապահովելու նպատակով սահմանափակ ծավալով մատակարավող գազը հասանելի կլինի Ստեփանակերտ քաղաքի բնակելի տների, շրջանային գազալցակայանների, ինչպես նաև ռազմավարական նշանակության որոշ օբյեկտների համար»,– ասված է հաղորդագրությունում։
Շտաբը բնակչությանը հորդորել է ուշադիր լինել և պահպանել գազից անվտանգ օգտվելու կանոնները։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։