«Անսանձ թուրքերը» կարող են գործողությունների դիմել. Էրդողանը կրկին սպառնացել է Հունաստանին

Թուրքական հրթիռ
Թուրքիայի առաջնորդը հայտարարել է, որ հույները պետք է մտածված գործեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նպատակ չունի «Թայֆուն» բալիստիկ հրթիռներով հարվածել Աթենքին։ Anadolu գործակալությանը հղում անելով` նրա խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստին։
2022 թվականի հոկտեմբերին Թուրքիան սեփական արտադրության փոքր հեռահարություն ունեցող բալիստիկ հրթիռի փորձարկումներ է իրականացրել Սև ծովի երկնքում։ Այն անցել է 561 կմ և ընկել Սինոպ նավահանգստի ափի մոտ։ Էրդողանը հայտնել էր, որ հրթիռի հեռահարությունը հասնում է 1000 կմ–ի։
«Այսօր (Հունաստանում) քննարկում են Աթենքին «Թայֆուն» թուրքական հրթիռով հարված հասցնելու հավանականությունը։ Մենք նման նպատակ չունենք։ Կարևորն այս հարցում այն է, որպեսզի հույները մտածված գործեն», – հայտարարել է Թուրքիայի ղեկավարը։
Միևնույն ժամանակ Էրդողանը հարցադրում է արել. «Մի՞թե Հունաստանում կարծում են, որ Թուրքիան կանտեսի` միջազգային պայմանավորվածություններին հակառակ, դելիմիտացված գոտիներ համարվող կղզիներում զենքի տեղակայումը»։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի` Անկարայի հասցեին հնչած խոսքերը մեջբերելով` Թուրքիայի նախագահը հորդորել է սխալ քայլերի չդիմել։
«Իմացե՛ք։ Եթե մեր երկրի նկատմամբ սխալ քայլ թույլ տաք, արձագանքը չի ուշանա։ Անսանձ թուրքերը գործողությունների կանցնեն», – սպառնացել է Էրդողանը։
Հունաստանը հայտարարում է, որ ծովային իրավունքի վերաբերյալ ՄԱԿ–ի կոնվենցիայի համաձայն ինքը տարածքային ջրերը 6-ից մինչև 12 մղոն ընդլայնելու իրավունք ունի։
Թուրքիան սեփական գաղտնի մշակման բալիստիկ հրթիռի փորձարկում է իրականացրել. տեսանյութ
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն անմիջական սպառնալիքներ էր հնչեցրել Հունաստանի հասցեին և զգուշացրել Աթենքին, որ Էգեյան ծովում չընդլայնի իր տարածքը։ Չավուշօղլուն ասել էր, թե հունական մամուլը գրում է, որ Հունաստանի տարածքային ջրերը Կրետեի շուրջ կընդլայնվեն մինչև 12 մղոն, սակայն Թուրքիան թույլ չի տա, որ Էգեյան ծովում Հունաստանի ջրերն ընդլայնվեն նույնիսկ 1 մղոն։ Ավելի վաղ Թուրքիան հայտարարել էր, որ պատերազմի համար առիթ է համարելու Հունաստանի ջրերի ընդլայնումը։
Հունաստանի և Թուրքիայի հարաբերությունները վերջին տարիներին լրջորեն վատթարացել են տարածքային վեճերի պատճառով։ Երկու երկրները չեն կարողանում պայմանավորվել ծովային գոտիների շուրջ։