ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԱՄՆ Դաշնային դատարանը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին և նրա փաստաբանին տուգանել է գրեթե 1 մլն դոլարով Հիլարի Քլինթոնի դեմ «անլուրջ» հայց ներկայացնելու համար։ Հայցում ասվում էր, թե Քլինթոնը փորձել է կեղծել 2016 թվականի նախագահական ընտրությունների արդյունքները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով CNBC հեռուստաալիքին։
Թրամփի հայցում, որը 70 մլն դոլարի չափով վնասի փոխհատուցում էր պահանջում, Քլինթոնը և նրա շտաբից ևս 30 պատասխանատուներ մեղադրվում էին դավադրության մեջ` «կեղծ նարատիվ հյուսելու» և այդպիսով ընտրություններում հաղթելու նպատակով: Ավելի վաղ դատարանը մերժել էր այդ հայցը` որոշելով, որ այն շատ ուշ է ներկայացվել և ապացույցներով հիմնավորված չէ։
«Մենք բախվել ենք մի դատական գործի, որը երբեք չպետք է ներկայացվեր, որը բացարձակապես անլուրջ էր ինչպես փաստական, այնպես էլ իրավական տեսանկյունից և որը ներկայացվել էր անբարեխիղճ և ոչ պատշաճ նպատակներով»,-ասել է դատավոր Ջոն Միդլբրուքսը Ֆլորիդայի ԱՄՆ շրջանային դատարանում:
Դատավորը նաև նշել է, որ պարոն Թրամփը դատական գործընթացների բեղմնավոր և փորձառու մասնակից է, նա բազմիցս դատարաններն օգտագործել է քաղաքական հակառակորդներից վրեժ լուծելու համար:
Դատարանի որոշման համաձայն` Թրամփը և նրա փաստաբան Ալինա Հաբբան պատասխանատվություն են կրում պատասխանող կողմի ծախսերը ծածկող փոխհատուցման ընդհանուր գումարի համար` 938 հազար դոլարի չափով։
Դատարանի որոշման համաձայն` Թրամփը և նրա փաստաբան Ալինա Հաբբան պատասխանատվություն են կրում պատասխանող կողմի ծախսերը ծածկող փոխհատուցման ընդհանուր գումարի համար` 938 հազար դոլարի չափով։