ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետությունն ականապատում իրականացրել է միայն ՀՀ ինքնիշխան տարածքում և դա արել է զուտ ինքնապաշտպանական նպատակներով։ «Արմենպրես» գործակալությանը տված հարցազրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Վերջին շրջանում Ադրբեջանը Լաչինի միջանցքի փակումը սկսել է հիմնավորել Հայաստանից դեպի Լեռնային Ղարաբաղ իբր զինամթերք, մասնավորապես ականներ տեղափոխելով: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ իր ասուլիսում հայտարարել էր, որ ադրբեջանական կողմը դրա վերաբերյալ տվյալներ է փոխանցել, որոնք իրենք ուսումնասիրում են:
Այս առումով Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական կողմը կարծես թե խճճվել է Լաչինի միջանցքի արգելափակման շուրջ իր խոսույթում։ Նախարարը հիշեցրել է, որ Բաքուն հաճախ պնդում է` միջանցքը փակ չէ, ապա ասում, որ միջանցքի արգելափակումը բնապահպանական պատճառներ ունի։ Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանցիները դիմակավորված ներխուժել էին Լեռնային Ղարաբաղ վերադարձող երեխաների փոխադրամիջոց և ահաբեկել նրանց։
«Այն ականները, որոնք քարոզչական նպատակներով ի ցույց է դնում ադրբեջանական կողմը և հայտարարում, թե դրանք 2021թ. արտադրության են ու Լաչինի միջանցքով Հայաստանից Լեռնային Ղարաբաղ են տեղափոխվել վերջերս, իրականում Ադրբեջանի մոտ են հայտնվել 2021-2022թթ. Հայաստանի Հանրապետության նկատմամբ իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացված ՀՀ տարածքից»,– ասել է արտգործնախարարը։
Նա նշել է` Հայաստանն Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի է ենթարկվել 2021թ. մայիսին, 2021թ. նոյեմբերին և 2022թ. սեպտեմբերին: Ներկայում նույնպես շարունակում է մնալ բարձր ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ նոր ռազմական ագրեսիայի վտանգը:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։ Ադրբեջանական կողմն այսօր մասամբ բացել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը, սակայն թույլ ճնշման պատճառով գազամատակարարումը հանրապետությունում կվերականգնվի որոշակի սահմանափակումներով։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։