Զորամասի կացարանում օգտագործվել է ավտոբենզին. Պապիկյան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ կառավարության անդամներն այսօրվա նիստը սկսեցին` մեկ րոպե լռությամբ հարգելով Գեղարքունիքի մարզում, զորամասի կացարանում հրդեհի հետևանքով զոհված զինծառայողների հիշատակը։
ՀՀ վարչապետը նշեց, որ կառավարությունը գիշերվանից աշխատում է դեպքի հանգամանքները պարզելու համար։
Իսկ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ ռազմական ոստիկանության հայտնած նախնական տվյալներով` դեպքը տեղի է ունեցել հակահրդեհային կանոնների խախտման հետևանքով։
«Տեղի է ունեցել բռնկում, որի ժամանակ օգտագործվել է նաև արգելված միջոց։ Խոսքը վերաբերում է ավտոբենզինին, որը հնարավոր չի եղել հետագայում ուղղակի մարել»,– ասաց Պապիկյանը։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։