Զորամասի հրդեհից մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են. դատախազություն

Տուժել է 7 զինծառայող. թեթև վնասվածքներ ունեցողները դուրս են գրվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի զորամասերից մեկի կացարանում հրդեհի հետևանքով բացի 15 զոհից, նաև տարբեր տեսակի մարմնական վնասվածքներ են ստացել 6 պարտադիր ժամկետային զինծառայող և 1 սպա։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։
Հաղորդագրությունում ասվում է, որ ժամը 02:00-ի սահմաններում 7 անձ տեղափոխվել է Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ:

«Թեթև վնասվածքներ ունեցողները դուրս են գրվել և առավոտյան արդեն 3 զինծառայող է եղել հոսպիտալացված»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին դատախազության մամուլի ծառայությունից։

Նշենք, որ ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտնել էր, որ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած 3 զինծառայողներից երկուսը վերակենդանացման բաժանմունքում են։
Դատախազությունը նշում է նաև, որ հրդեհի հետևանքով 15 մահացածները պարտադիր ժամկետային զինծառայողներ են:
«ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով առերևույթ հանցագործության տարրերի առկայության փաստով կազմված փաստաթղթերը 2023 թվականի հունվարի 19-ին ուղարկվել են Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժին՝ հետագա ընթացքը որոշելու համար»,– ասված է հաղորդագրությունում:
Դեպքի վայրում կատարվում են հնարավոր անհրաժեշտ գործողությունները, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքներն ամբողջությամբ պարզելու համար:
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։