ՆԳՆ–ն «պատրաստ կլինի» 6 ամսից. ոստիկանությունը հաշվետվություն է ներկայացրել Փաշինյանին

Նիկոլ Փաշինյանն այցելել է ոստիկանություն
Նիկոլ Փաշինյանին զեկուցվել է, որ նախատեսվում է ապառազմականացնել ոստիկանության զորքերը և ձևավորել ոստիկանության գվարդիա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորման գործընթացը 2022 թվականին ավարտի է հասցվել, և այժմ ընթացքի մեջ են գերատեսչության գործունեության ապահովման աշխատանքները, որոնք կտևեն 6 ամիս: Ինչպես հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունը, այս մասին զեկուցվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն այցելել է ոստիկանություն՝ գերատեսչության 2022թ. գործունեության հաշվետվությունը, ինչպես նաև նորաստեղծ ներքին գործերի նախարարության գործունեության ուղղությամբ առաջիկա քայլերը քննարկելու նպատակով:
Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը, ՆԳՆ և ոստիկանության պաշտոնատար այլ անձինք:
«Նախատեսվում է ապառազմականացնել ոստիկանության զորքերը և ձևավորել ոստիկանության գվարդիա, որի գործառույթների մեջ են մտնելու հասարակական կարգի, պետական շենքերի անվտանգության ապահովումը և այլն: Առաջիկա օրերին Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում ոստիկանության պարեկային ծառայություններ կստեղծվեն (2022 թվականին դրանք ձևավորվել են Լոռիում և Շիրակում): Ընթացքի մեջ են Արարատի, Արմավիրի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայությունների ձևավորման աշխատանքները: 2023 թվականին նախատեսվում է ձևավորել նաև Ջրային պարեկային ծառայություն»,– զեկուցել են պատասխանատուները:
Վարչապետին տեղեկացվել է, որ 2022 թվականի ընթացքում հանրապետությունում նվազել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, և վերջին տարիների ընթացքում ՃՏՊ–ների թվի նվազում տեղի է ունեցել առաջին անգամ: Մասնավորապես նախորդ տարի արձանագրվել է 4 հազար 308 ՃՏՊ, որի հետևանքով մահացել է 321 և մարմնական վնասվածքներ ստացել 6 հազար 153 անձ: 2021 թվականի համեմատ ՃՏՊ-ների քանակը նվազել է 296-ով, զոհերի թիվը՝ 47-ով, իսկ վիրավորներինը՝ 546-ով:
Փաշինյանին ներկայացվել են նաև ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոնի գործունեության արդյունքները: Տեղեկացվել է, որ նորաստեղծ կենտրոնը գործունեության երկու ամսում կայացրել է 2155-ով ավելի վարչական պատասխանատվության որոշում:
Անդրադառնալով թմրամիջոցների դեմ պայքարին՝ նշվել է, որ նախորդ տարվա ընթացքում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանում։ Այժմ ընթացքի մեջ են տեխնիկական միջոցներով համալրման աշխատանքները: Հաշվետու ժամանակահատվածում թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման թիվը 2021 թվականի համեմատ ավելացել է 77 տոկոսով:
Նիկոլ Փաշինյանը նոր խորհրդական ունի
Անդրադարձ է կատարվել քրեական ոստիկանության մարզային ստորաբաժանումների ձևավորմանը, հանրապետությունում առկա օպերատիվ իրավիճակին, հանցագործությունների դեմ պայքարին, օպերատիվ կառավարման համակարգի ներդրմանը, ինքնագլորների հետ կապված խնդրին և այս ոլորտում համապատասխան կարգավորումների ներդրման վերաբերող հարցերի:
Փաշինյանը կարևորել է վերը նշված ուղղություններով աշխատանքների շարունակականության ապահովումն ու արդյունավետ իրականացումը։ Նա ընդգծել է ՆԳՆ ստորաբաժանումների կողմից քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի հետևողական բարելավման անհրաժեշտությունը, այդ թվում՝ թվայնացման և էլեկտրոնային համակարգերի ներդրման միջոցով: Վարչապետը հանձնարարել է շարունակել և ընդլայնել բոլոր այն միջոցառումները, որոնք նպաստում են ՃՏՊ-ների թվի նվազմանը:
Այս համատեքստում նա կարևորել է բալային համակարգի բարելավումը, վարորդական վկայականների տրամադրման չափանիշների բարձրացումը:
«Պետք է բացառենք դեպքերը, որ որևէ մեկը, ով չպետք է ստանա վարորդական վկայական, ինչ-ինչ եղանակով ստանա: Խոսքը մարդկային կյանքերի մասին է: Իրականացվող միջոցառումները պետք է ունենան ՃՏՊ-ները կանխարգելող նշանակություն»,- ընդգծել է վարչապետը:
Խոսելով մարզերում ոստիկանության պարեկային ծառայությունների ներդրման մասին՝ Փաշինյանը հանձնարարել է ակտիվ միջոցառումներ իրականացնել կանանց ներգրավվածության ընդլայնման ուղղությամբ:
Պատասխանատուները վարչապետին զեկուցել են ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացի մասին, ինչի արդյունքում տեղի կունենա և՛ աշխատավարձերի բարձրացում, և՛ սոցիալական երաշխիքների բարելավում:
Ներկայացվել են նաև հանցավորության դեմ պայքարի, ոստիկանության համակարգի տեխնիկական հագեցվածության մակարդակի բարձրացման, կրթական միջավայրի բարելավման, ոստիկանության ծառայողների վերապատրաստման ուղղությամբ իրականացված աշխատանքները: