ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխել ևս երկու հիվանդի։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
«ԿԽՄԿ-ն Հայաստան է տեղափոխել ևս 2 հիվանդի, որոնք բուժօգնության կարիք ունեն»,–ասաց Ամատունին:
ԱՀ Առողջապահության նախարարությունից էլ տեղեկացնում են, որ «Հղիություն I, 34 շաբաթական, արգանդի միոմա, վիճակ ստամոքսի մասնահատումից հետո, տարիքավոր առաջնածին, ճարպակալում IV աստիճան» և «Ողնաշարի L4-L5 միջողային սկավառակի ճողվածք՝ ցավային համախտանիշով» ախտորոշումներով 2 հիվանդները Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։
Հավելենք, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումից ի վեր Կարմիր Խաչը Ստեփանակերտից տեղափոխել է 36 հիվանդի։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Հունվարի 18-ին Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։