ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր կրկին երկրաշարժ է գրանցվել Իրանում, որը զգացել են նաև ՀՀ Սյունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
«Հունվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 09:55-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:55-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.37⁰ և արևելյան երկայնության 44.81⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ»,–ասվում է ԱԻՆ հաղորդագրության մեջ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։
Հիշեցնենք, որ երեկ էլ 3.6 մագնիտուգ ուժգնությամբ երկրաշարժ էր գրանցվել Թուրքիայի և Իրանի սահմանին։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։
Երեկ երկրաշարժ էր գրանցվել նաև Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով։