ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԵՄ-ն երկուշաբթի Իրանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթ կընդունի: Տեղեկությունը հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«Մենք Իրանի դեմ պատժամիջոցների չորրորդ փաթեթը կընդունենք երկուշաբթի, կարծում ենք, որ պետք է սկսել աշխատել հինգերորդի վրա, որպեսզի ԻՀՊԿ-ն ճանաչվի ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է գործակալության աղբյուրը:
Ըստ նրա` ցուցակում կընդգրկվի 37 մարդ՝ իբր մարդու իրավունքների խախտման պատճառով։
Հիշեցնենք` դեկտեմբերին ԵՄ խորհուրդը Իրանի դեմ անհատական պատժամիջոցների ցանկն ընդլայնեց երկրի ներքին իրադրության, ինչպես նաև Ռուսաստանին «օգնություն ցուցաբերելու» համար։
Պատժամիջոցները Եվրամիության ուղղությամբ ուղևորությունների արգելք և եվրոպական տարածքում բոլոր ակտիվների սառեցում են նախատեսում:
Արևմուտքի երկրները պնդում են, որ Իրանն իբր անօդաչու սարքեր է մատակարարում Ռուսաստանին՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների համար։ Մոսկվան և Թեհրանը բազմիցս հերքել են այդ մեղադրանքները։ Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Թեհրանը ՌԴ-ին անօդաչու թռչող սարքեր մատակարարել է, սակայն Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից մի քանի ամիս առաջ: