ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում Հայաստանի բացակայության թեման քննարկման առարկա է դարձել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի մասնակցությամբ պանելային քննարկումներից մեկի ժամանակ։
Մասնավորապես պատասխանելով Հարավային Կովկասում կայունության և անվտանգության մասին հարցին` Ղարիբաշվիլին կրկին անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցում Վրաստանի միջնորդական դերին` նշելով իրենց անշահախնդրությունն ու չեզոքությունն այդ հարաբերություններում։
Նա նաև անդրադարձել է Թբիլիսիում Վրաստանի և Հայաստանի առաջնորդների մասնակցությամբ եռակողմ հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ակնարկին։
«Մեր շահերից է բխում, որ կայանա առաջնորդների (Փաշինյանի, Ալիևի, Ղարիբաշվիլիի. խմբ.) եռակողմ հանդիպումը, քանի որ այս տարածաշրջանը պատկանում է Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին», – ասել է Ղարիբաշվիլին։
Վրաստանի վարչապետի խոսքով` միայն համատեղ ջանքերով է հնարավոր Հարավային Կովկասը դարձնել հնարավորությունների, խաղաղության և բարիդրացիության տարածաշրջան։
Վրաստանի վարչապետի ելույթից առաջ Ադրբեջանի առաջնորդը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Պատասխանելով հայ–ադրբեջանական կարգավորման մասին հարցին` Ալիևը հայտարարել է, որ գործընթացը անապատի մեջտեղում է մնացել։ Նրա խոսքով` Հայաստանը չի պատասխանել խաղաղության համաձայնագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին։
Ինչ վերաբերում է Դավոսի համաժողովում Երևանի բացակայությանը, Ալիևն այդ փաստը կապել է Վրաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափով հանդիպումից Երևանի հրաժարվելու հետ, հանդիպում, որի շրջանակում կարող էր տեղի ունենալ առաջնորդների հանդիպումը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Ղարիբաշվիլիին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը կազմակերպելու համար։
«Մենք առաջարկել էին Թբիլիսիում առաջնորդների հանդիպում անցկացնել, քանի որ պատմականորեն առաջնորդները հանդիպում են Թբիլիսիում։ Սակայն Հայաստանը պատրաստ չէ, և դա պոտենցիալ ռիսկերից մեկն է», – ասել է Ալիևը։
Հարավային Կովկասի անվտանգության գրավականը, ըստ Ալիևի, բոլոր երեք երկրների ջանքերի համախմբումն է։
Հիշեցնենք, որ այս տարի Հայաստանը չի մասնակցում Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովին։ ՀՀ վարչապետը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022 թվականին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։
Համաշխարհային տնտեսական համաժողովի նստաշրջանը կորոնավիրուսի համավարակի պատճառով երկու տարվա ընդմիջումից հետո երկուշաբթի բացվել է շվեյցարական լեռնադահուկային հանգստավայրերից մեկում։ Համաժողովին մասնակցում են պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավարներ, կենտրոնական բանկերի 19 ղեկավարներ, առևտրի 30 նախարարներ և 35 արտգործնախարարներ, ինչպես նաև ՄԱԿ–ի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային առևտրային կազմակերպության ղեկավարները։
Նախատեսվում է, որ համաժողովին կմասնակցեն ՄԱԿ–ի գլխավոր քարտուղարը, Եվրահանձնաժողովի ղեկավարները, Իսպանիայի վարչապետը, Լեհաստանի և Լիտվայի նախագահները, ԳԴՀ–ի կանցլերը, Հարավային Կորեայի, Իրաքի, Ադրբեջանի նախագահները, Նիդեռլանդների, Հունաստանի, Վրաստանի, Սերբիայի և Ալբանիայի վարչապետները։