ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանում Հայաստանի և Կիպրոսի հանրապետությունների արտաքին գործերի նախարարությունների միջև կայացած քաղաքական խորհրդակցությունների շրջանակում կողմերը քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Քաղաքական խորհրդակցությունների ժամանակ հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, կիպրականը՝ Կիպրոսի ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Կորնելիոս Կորնելիուն։
«Հովհաննիսյանը հանգամանորեն ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժի արգելափակման հետևանքները՝ շեշտելով, որ Արցախը կանգնած է հումանիտար ճգնաժամի սպառնալիքի առջև: Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանի ղեկավարության ապօրինի գործողությունները, ռազմատենչ հռետորաբանությունը և առավելապաշտական կեցվածքը լրջորեն խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու ջանքերը»,– ասված է հաղորդագրությունում։
Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները նաև խոսել են հայ-կիպրական երկկողմ քաղաքական օրակարգի հարցերի լայն շրջանակի մասին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Մտքեր են փոխանակվել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ, ներառյալ՝ համագործակցությունը ԵՄ շրջանակներում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել` երկկողմ համագործակցության առկա ներուժը լիարժեք իրացնելու համար։
Առանձնահատուկ ընդգծվել է Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև ձևավորված եռակողմ համագործակցության կարևորությունը։
Կիպրական պատվիրակությունը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ և հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը, որը վերականգնվեց դեկտեմբերի 16–ի առավոտյան։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 18-ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։