ԱՄՆ պետքարտուղարությունը արցախյան հիմնախնդրի լուծման ճանապարհին հետընթաց է արձանագրել

Նեդ Փրայս
Անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի եռակողմ հանդիպումներ, որոնք կազմակերպել էր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Արցախի հարցում ԱՄՆ-ն հետընթաց է արձանագրել և ցանկանում է տեսնել Հայաստանի և Ադրբեջանի միջև կառուցողական երկխոսության վերականգնումը: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։
Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատրաստվում է անել այն, ինչն առավել օգտակար է երկու կողմերի համար։ Նեդ Փրայսը հիշեցրել է, որ անցած տարեվերջին տեղի ունեցան մի քանի եռակողմ հանդիպումներ, որոնք կազմակերպել էր պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:
«Մենք պատրաստ ենք համագործակցել գործընկերների հետ` նրանց միջոցով, ԵԱՀԿ-ի միջոցով կամ եռակողմ ձևաչափով, ինչպես արել ենք նախկինում», - ասել է Փրայսը:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը հույս է հայտնել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն առաջիկայում հեռախոսազրույց կունենա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Հիշեցնենք՝ հունվարի 18-ին տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ։
Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը: