5–լիտրանոց տարայով փորձել են բենզին լցնել վառարանի մեջ. Փաշինյանը` զորամասի հրդեհի մասին

Փաշինյանը հավելեց, որ նախաքննությամբ ի հայտ կգան դեպքի բոլոր հանգամանքները, և այն ամենն, ինչ ասվում է այս պահին, միայն նախնական վարկածներ են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ հայտնեց հրդեհված ինժեներասակրավորային վաշտում հրդեհի բռնկման պատճառների վերաբերյալ։
Փաշինյանը նշեց, որ 2022-ի դեկտեմբերի 21-ին ԶՈւ ԳՇ պետը ստորագրել է 14 ԳՇ կարգադրությունը` «ԶՈւ–ում տեղի ունեցած հրդեհների և դրանց կանխարգելման մասին»։ Այնտեղ հստակ հրահանգ է տրված, թե ինչ պետք է անել հակահրդեհային կանոնները պահպանելու համար։
«7-րդ կետում նշվում է, որ պետք է խստիվ արգելել վառարանների համար բենզինի և դյուրավառ հեղուկների կիրառումը։ Այսինքն`այս հրամանի պրիմիտիվ պահպանումը թույլ կտալ չունենալ այս դեպքը։ Բայց մենք պարզում ենք, որ ոչ միայն բենզին է օգտագործվել, այլև փորձ է արվել վառարանն օգտագործելու համար 5 լիտրանոց տարան բացել և լցնել վառարանի մեջ։ Այրվել է ոչ միայն վառարանը, հրդեհն անցել է վառարանը միացնել փորձող սպային, ինքնապաշտպանական բնազդից ելնելով` 5 լիտրանոց բենզինը շպրտվել է զորամասի կացարանի ուղղությամբ»,–ասաց նա։
Փաշինյանը հավելեց, որ նախաքննությամբ ի հայտ կգան դեպքի բոլոր հանգամանքները, և այս ամենը միայն նախնական վարկածներ են։
Հիշեցնենք` դեպքի մասին այսօր հայտնել էր ՀՀ ՊՆ–ն։
Նշվում էր, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։
Հաղորդվել էր, որ չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ, հրդեհի հետևանքով կա 15 զոհ և 3 վիրավոր։
Դեպքի առնչությամբ արդեն պաշտոնանկություններ են եղել։