ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այս պահի դրությամբ փակուղու մեջ են երկու բանակցային ուղղությունն էլ` և՛ վաշինգտոնյան, և՛ ռուսական։ Ազգային ժողովում խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը` անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ծավալվող գործընթացին։
Պատգամավորի խոսքով` այդ փակուղային իրավիճակն առաջացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած «աբսուրդային» քաղաքականության հետևանքով։
«Միջազգային հարաբերությունների տեսանկյունից ՀՀ արտաքին քաղաքականությունը դասագրքերի մեջ պետք է մտնի որպես նոնսենս։ Առկա է երկու խաղաղության բանակցություն։ Մեկով Արցախի վերաբերյալ հիշատակում չկա (վաշինգտոնյան տարբերակ,– խմբ.), մյուսով առկա է հիշատակում և առկա է ինքնորոշման հնարավորություն (ռուսական տարբերակ)։ Հայաստանը պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է համաձայնել երկուսին էլ։ Սա աբսուրդ է»,–ասաց Մամիջանյանը։
Նրա կարծիքով` անհասկանալի է` ինչ սկզբունքով է Փաշինյանը երկու անկյունաքարային տարբերություն ունեցող պայմանագրի պայմաններում համաձայնում երկուսին էլ։
«Փաշինյանի քաղաքականությունն է` որ տարբերակը որ կստացվի», - ասաց Մամիջանյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր պաշտոնական Երևանի պատրաստակամությունը՝ Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա խաղաղության պայմանագիր կնքելուԱդրբեջանի հետ:
Ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, անդրադառնալով Փաշինյանի այս հայտարարությանը, նշեց, որ Պրահայի պայմանավորվածությունները հիմնվում են Ալմա Աթայի հռչակագրի վրա, որը Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում երբեք չի ներկայացրել բանակցությունների ընթացքում:
Այդ թեզը, ըստ նրա, առաջ են քաշել Հայաստանի իշխանությունները։ Եվ նույնիսկ այդ դեպքում պետք է հիշել, որ Հայաստանը հռչակագրին միացել է վերապահումով. այնտեղ առանձին նշված է ինքնորոշման կետը։ Բացի այդ, հռչակագիրը չի վերաբերում Լեռնային Ղարաբաղին, քանի որ այնտեղ դրանից 20 օր առաջ հանրաքվե է անցկացվել։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետը 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում մասնակցել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, քառակողմ հանդիպում ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ, մասնակցել է Էրդողան–Ալիև ոչ ֆորմալ հանդիպմանը, առանձնազրույց ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։ Քառակողմ հանդիպման ժամանակ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմա Աթայի հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը:
2022–ի հոկտեմբերի 31-ին էլ Սոչիում է հանդիպում կայացել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել են և քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։
Հանդիպման արդյունքում համատեղ հայտարարություն է ընդունվել, որում նրանք վերահաստատել են նշյալ բոլոր պայմանավորվածությունները խստորեն պահպանելու հանձնառությունը՝ ելնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների համապարփակ կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության, կայունության, անվտանգության և կայուն տնտեսական զարգացման ապահովման շահերից։