ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանը և Երևանը հռչակվեցին քույր քաղաքներ։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Կարծում եմ, որ այս համաձայնագիրը նոր համագործակցության հիմք կհանդիսանա»,–գրել է նա ֆեյսբուքյան էջում և Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հետ լուսանկար հրապարակել։
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունն էլ հայտնում է, որ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներիում:
Երևանի քաղաքապետը Թեհրանի գործընկերոջը փոխադարձ այցով հրավիրել է Երևան:
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը հունվարի 17-ին մեկնել է Թեհրան։
Երևանյան պատվիրակության անդամներն այցելելու են քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: