Սյունիքը կենսական նշանակություն ունի ՀՀ–ի համար. փոխվարչապետ

Մհեր Գրիգորյանը նշել է, որ կառավարությունը շարունակում է ինտենսիվ աշխատել գործընկերների հետ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման ուղղությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Սյունիքը կենսական նշանակություն ունի մեր երկրի համար, ուստի մարզի կայուն զարգացմանը միտված ցանկացած ծրագիր գտնվում է կառավարության հատուկ ուշադրության կենտրոնում: Այսօր հայտարարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության» պաշտոնական մեկնարկին նվիրված միջոցառման ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Ընթացիկ աշխարհաքաղաքական զարգացումներն էլ ավելի են ընդգծում Սյունիքի ռազմավարական դերը, այդ թվում՝ տարածաշրջանում կայուն խաղաղության կերտման ճանապարհին»,– ասել է Մհեր Գրիգորյանը:
Այս համատեքստում նա անհրաժեշտություն է համարում Սյունիքի մարզում կյանքի որակի բարձրացումը, որն ըստ փոխվարչապետի՝ հիմնարար նշանակություն ունի երկրի կայուն զարգացման համար:
«Ուրախ եմ, որ մարզի բնականոն զարգացման կարևորությունն արձանագրվել է նաև Եվրոպական միության և ԵՄ անդամ պետությունների հետ մեր համագործակցության շրջանակներում»,– նշել է նա:
Մհեր Գրիգորյանը նշել է նաև, որ կառավարությունը շարունակում է ինտենսիվ աշխատել գործընկերների հետ Հյուսիս-հարավ մայրուղու հարավային հատվածի կառուցման ուղղությամբ, ինչը կնպաստի դիրքավորելու Հայաստանը որպես տարածաշրջանային առևտրատնտեսական հանգույց: