ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը Դավոսի համաժողովի ընթացքում իր ելույթում խոստովանել է, որ այլևս չի պաշտպանում Ուկրաինայի չեզոք կարգավիճակի գաղափարը։
«Մինչև այս պատերազմը ես դեմ էի ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, քանի որ վախենում էի, որ կսկսվի հենց այն գործընթացը, որը մենք հիմա տեսնում ենք։ Հիմա, երբ այդ գործընթացը հասել է նման մակարդակի, չեզոք Ուկրաինայի գաղափարն այս պայմաններում արդեն իմաստ չունի։ Ես կարծում եմ, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը նպատակահարմար գործողություն կլինի»,-հայտարարել է նա։
Քիսինջերը նշել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը տեղին կլիներ, երբ խաղաղություն հաստատվեր։ Միևնույն ժամանակ նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է շարունակի աջակցել Ուկրաինայի դիմադրությանը և «անհրաժեշտության դեպքում ուժեղացնի իր ռազմական օգնությունը մինչև կրակի դադարեցումը»։
ԱՄՆ նախկին պետքարտուղարը միևնույն ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանին պետք է հնարավորություն տալ միջազգային համակարգ վերադառնալ Ուկրաինայում ցանկացած խաղաղ համաձայնագրից հետո, և ՌԴ-ի հետ երկխոսությունը պետք է շարունակվի։
«Դա չպետք է պատերազմ լինի Ռուսաստանի գոյության դեմ որպես այդպիսին։ Ռուսաստանի ոչնչացումը որպես պետության, որն ի վիճակի է իր սեփական քաղաքականությունն իրականացնել, նրա տասնմեկ ժամային գոտիների հսկայական տարածքը կբացի ներքին հակամարտության և արտաքին միջամտության առաջ, մինչդեռ նրա տարածքում 15 հազար և ավելի միավոր միջուկային զենք կա: Ահա թե ինչու եմ ես կողմ Ռուսաստանի հետ երկխոսությանը։ Ես կարծում եմ, որ դա էսկալացիան կանխելու միջոց է»,-ասել է Քիսինջերը։
Ռուսաստանն ավելի վաղ ՆԱՏՕ-ի երկրներին բողոքի նոտա էր հղել Ուկրաինային ռազմամթերք մատակարարելու համար։ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել էր, որ ցանկացած բեռ, որն Ուկրաինայի համար ռազմամթերք կպարունակի, Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում հայտարարել էին, որ Ուկրաինային ռազմամթերք մատակարարելով` ՆԱՏՕ-ի երկրները կրակի հետ են խաղում։ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ընդգծել էր, որ Արևմուտքի կողմից Ուկրաինային զենք տրամադրելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը։