ՌԱԴԻՈ

ՆԱՏՕ–ի երկրներին դուր գալու փորձ. քաղաքագետը մեկնաբանում է ՀՀ նախագահի հայտարարությունները

Քաղաքագետը կարծում է, որ Հայաստանը հակառուսական հայտարարությունների ճանապարհով բարելավում է իր դիվանագիտական, նաև քաղաքական ներկայությունը Եվրոպայում։
Sputnik
Էստոնիայում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն իր հայտարարություններով ավելի պարզ դարձրեց պետական մակարդակում տարվող հակառուսական քայլերի տրամաբանությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց քաղաքագետ Գառնիկ Դավթյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Էստոնիա, որտեղ հայտարարել է, որ վերջին շրջանում հայ–ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, իսկ ՀԱՊԿ–ից ունեցած ակնկալիքները չեն արդարացել։

«Ակնհայտ է, որ փորձում են միջազգային հանրության, մասնավորապես ՆԱՏՕ անդամ երկրների դուրը գալ` ցույց տալով, որ իրենք ունեն հակառուսական տրամադրություն և իրենց թույլ են տալիս երրորդ երկրում խոսել, իրենց ձևակերպմամբ, ռուսների ոչ կոմպետենտության մասին»,– նշեց քաղաքագետը։

Դավթյանի խոսքով` մերձբալթյան գրեթե բոլոր երկրները հատկապես հիմա` ռուս–ուկրաինական պատերազմի ֆոնին, ունեն ընդգծված հակառուսական տրամադրություններ, և պատահական չի եղել հենց Էստոնիայում նախագահի կողմից նման հայտարարություններ հնչեցնելը։
Ըստ քաղաքագետի` Հայաստանը հակառուսական հայտարարությունների ճանապարհով բարելավում է իր դիվանագիտական, նաև քաղաքական ներկայությունը Եվրոպայում։
«Փորձում են համոզել, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել իր պատմական ուղենիշից և ամեն բան կանի, որպեսզի հետագայում դա քաղաքական առումով ավելի հաստատուն բնույթ կրի, օրինակ` հրաժարվել ՀԱՊԿ–ից, հրաժարվել Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից։ Նույն նախագահի խոսքում կա այդպիսի ակնարկ` ասելով,որ մենք կբանակցենք այնքան ժամանակ, մինչև հասկանանք, որ դա անիմաստ է»,–ընդգծեց Դավթյանը։
Անդրադառնալով Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի` նախորդ տարի օկուպացված Շուշի կատարած այցին` քաղաքագետը գնահատեց այն որպես Ադրբեջանի արտաքին քաղաքականության գրանցած հաջողություն, միևնույն ժամանակ նկատեց, որ Էստոնիան, օկուպացված տարածքներ այցելելով, պարզապես փորձել իր կողմը գրավել Ադրբեջանին, որտեղ կան թաքնված հակառուսական տրամադրություններ։
«Փորձ է արվում նաև Հարավային Կովկասում ունենալ հավատարիմ կամ համագործակցող հակառուսական պետություն, և Ադրբեջանը նրանց թվում է»,–հավելեց քաղաքագետը։
Նրա խոսքով` կա ոչ պաշտոնապես հաստատված տեղեկություն, որ մերձբալթյան երկրների կողմից օգնություն է տրամադրվում Ադրբեջանին, ինչը, ըստ էության, այդ պետությանը դուր գալու կամ իրենց կողմը քաշելու քաղաքականության մաս է կազմում։