ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակն օրեցօր վատթարանում է։ Այս մասին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանն ասել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Գևորգյանն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով նպատակ է հետապնդում էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայությանը:
Հաղորդագրության համաձայն` կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող խնդիրներ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։