Լաչինի հարցով միջազգային դիրքորոշումը շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու. Միրզոյան

Արարատ Միրզոյանը նշեց, որ միջազգային հանրությունը հստակ պատկերացում ունի, թե Լաչինի միջանցքում ինչպիսի պարտավորություններ կան, որ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ։ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` անդրադառնալով երեկ ԵԱՀԿ–ում խորհրդի հատուկ նիստում իր ելույթին։
«Քննարկումն ընթացել է փակ ռեժիմով` շատ մանրամասներ չեմ կարող հայտնել։ Սակայն իմ ելույթին հաջորդեցին բազմաթիվ ելույթներ և ակնհայտ էր, որ միջազգային հանրությունը բավականին հստակ պատկերացում ունի Լաչինի միջանցքում տեղի ունեցողի վերաբերյալ` այդ թվում` ում կողմից ինչ է խախտվել, ինչ է արվում, ինչպիսի պարտավորություններ կան, որ պետք է իրականացվեն, բայց չեն իրականացվում»,–ասաց նախարարը։
Միրզոյանի խոսքով` Լաչինի հարցով հստակ գիտակցում կա, և ոչ միայն ԵԱՀԿ-ում. դա կարող ենք տեսնել առանձին երկրների խորհրդարանների հրապարակային դիրքորոշումներում։ ԱԳ նախարարը կարծում է` միջազգային դիրքորոշումը վաղ թե ուշ շատ կոնկրետ արդյունքների է հանգեցնելու։
Ինչ վերաբերում է ՄԱԿ-ին, ապա Միրզոյանը նշեց, որ, ցավոք, ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի կողմից շրջանառվող փաստաթուղթը չընդունվեց առանձին երկրների ու նաև բարեկամ երկրների տեսանկյունների պատճառով։ Ամեն դեպքում, ըստ Միրզոյանի, ՄԱԿ–ի ԱԽ–ն կարևորագույն հարթակ է, և այնտեղ աշխատանքները կշարունակվեն։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։