ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Պոլսո Հայոց պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը հունվարի 17-ին գնացել է Երուսաղեմ: Տեղեկությունը հայտնում է պատրիարքարանի մամլո խոսնակ Կորյուն Հովհան Բաղդասարյանը։
«Պաշտոնական դիմավորման արարողությունը տեղի ունեցավ Երուսաղեմի Հին քաղաքի Յաֆայի դարպասից, որտեղից նա «Հրաշափառով» առաջնորդվեց Սրբոց Հակոբյանց տաճար: Կարճ աղոթքից հետո պատրիարք սրբազանը առաջնորդվեց պատրիարքարան»,–գրում է նա:
Նշվում է, որ պատրիարքարանի մեծ սրահում Սահակ Բ պատրիարքը հանդիպել է Երուսաղեմի հայ պատրիարք Ամեն. տեր Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի հետ, ինչից հետո Սրբազան Հայրն օրհնել է հայերին ու ուխտավորներին։
Կոնստանդնուպոլսի պատրիարք տեր Սահակ Բ Մաշալյանը Երուսաղեմում է
© Photo : FrKoryoun Hovnan Baghdasaryan
Հիշեցնենք` Ստամբուլում 2019թ. մարտի 8-ին 62 տարեկանում մահացավ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Նա Պոլսո Հայոց պատրիարքի պաշտոնը զբաղեցնում էր 1998-ից։
Նույն տարվա դեկտեմբերի 11–ին Պոլսո Հայոց 85-րդ պատրիարք ընտրվեց Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: