ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասում կայանված «Դեու Նեքսիա» մակնիշի մեքենայից 4 անչափահաս տղա գողություն են կատարել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ տղաները կոտրել են մեքենայի դռան ապակին և սրահից գողացել պայուսակ, որի մեջ եղել է 11 հազար ռուբլի, 22 հազար դրամ, բանկային քարտ, բջջային հեռախոս, ավտոմեքենայի պահեստային բանալի, ինչպես նաև ՀՀ անձնագիր ու ՌԴ փաստաթղթեր։
Դեպքի մասին հունվարի 10-ին ահազանգել է Նոյեմբերյան քաղաքի 43-ամյա մի բնակիչ։
«Ձեռնարկվել էին անհրաժեշտ միջոցառումներ, սակայն հանցագործությունը թարմ հետքերով բացահայտել չէր հաջողվել: Սպիտակի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում ձեռնարկած գործողություններն արդյունք են տվել 1 շաբաթ անց: Հունվարի 17-ին բացատրական աշխատանքների շնորհիվ բաժին է ներկայացել 9-րդ դասարանցի մի տղա և հայտնել, որ գողությունն արել են գրեթե հասակակից 4 ընկերով»,– ասված է հաղորդագրությունում:
Տղան նշել է, որ փողը հավասար բաժանել են, փաստաթղթերը և բանկային քարտը` պատռել, իսկ բջջային հեռախոսը կոտրել ու պայուսակի հետ նետել են աղբարկղը:
Նախաքննությամբ դեպքի հանգամանքները պարզվում են: