Ու այդքանից հետո առավել քան զարմանալի է, որ, ինչպես փաստում են արտասահմանյան բազմաթիվ լրատվամիջոցներ, 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական դրոնները Արցախում այդպես էլ որևէ դեր չխաղացին։ Այնինչ, պրոֆեսոր Մայքլ Քլարքը բրիտանական «Գարդիանում» կարծիք է հայտնել. «Ադրբեջանցիների կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը որոշիչ նշանակություն ունեցավ»։ Իսկապես, հոլանդական Oryx կենտրոնը, որը զբաղվում է ռազմական վերլուծություններով՝ հիմնվելով հրապարակայնորեն հասանելի լուսանկարների և տեսանյութերի վրա, արձանագրել է, որ Հայաստանը 2020 թվականի աշնանը կորցրել է 224 տանկ, իսկ Ադրբեջանը՝ ընդամենը 36։
Թե այժմ ինչ վիճակում է ռազմական կարիքների համար նախատեսված հայկական դրոնների մշակումն ու արտադրությունը, երևի քիչ մարդ գիտի։ Ի դեպ, քանի առիթը կա, թույլ տվեք կարծիք հայտնել, որ ընդհանրապես շատ քչերը գիտեն, թե ինչ վիճակում է մեր բանակը պատերազմից հետո։ Բայց դա առանձին, շատ լուրջ և անչափ կարևոր թեմա է, քանզի պարբերաբար ամենաբարձր մակարդակով լսում ենք, թե Ադրբեջանը Լաչինի միջանցքն արգելափակելով նոր սադրանքի է նախապատրաստվում և, բնականաբար, բոլորիս է հետաքրքրում՝ իսկ մենք այդ սադրանքին պատրա՞ստ ենք։
Բայց դրոնների մասին էինք խոսում։ Իհարկե, ժամանակակից ռազմական դրոնների արտադրությունը կամ ձեռքբերումը բավական թանկ հաճույք է։ Սակայն վերջերս ավելի ու ավելի հաճախ է խոսվում մի նոր հնարավորության մասին՝ ռազմական նպատակներով օգտագործել սովորական քաղաքացիական դրոնները։ Եվ սրանք զուտ խոսակցություններ չեն. որոշ երկրներում շատ կոնկրետ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, և արդեն պատկառելի դրական փորձ է կուտակվել։ Մասնագետները պնդում են՝ քաղաքացիական դրոնները հեշտությամբ վերափոխվում են հետախուզական սարքերի և նույնիսկ ունակ են թեթև ավիացիայի դեր ստանձնել՝ ռմբակոծելով հակառակորդի դիրքերը։
Վերջից սկսենք։ Իհարկե, սովորական նռնակը, որն ամրացվում է քաղաքացիական դրոնին և տեղ հասցվում, մեծ ավերածություններ չի պատճառի, քանզի այդ նռնակի պայթյունի, այսպես ասած, ծածկույթն ընդամենը մի քանի մետր է։ Բայց նման գործողությունները, երբ թեթև անօդաչու թռչող սարքը դառնում է բառիս բուն իմաստով նռնականետ, այսինքն, նռնակ նետող, կարող է առնվազն խուճապ առաջացնել հակառակորդի ճամբարում։ Մասնագետներից մեկն էսպիսի պատկեր է նկարագրում. «Պատկերացրե′ք, որ փոքր սարքը թռչունի նման ներս է թափանցում զորանոցի բաց պատուհանից և նռնակ նետում հատակին։ Հետո՝ երկրորդը։ Հետո՝ երրորդը։ Դուք լինեիք, անմիջապես չէի՞ք ենթադրի, որ թշնամին լայնածավալ հարձակում է սկսել»։
Երկրորդ ոլորտը՝ հրետանու կրակի ճշգրտումը։ Մինչև վերջերս տարբեր երկրների զինված ուժերում դա անում էր մարդը՝ զինվորներից մեկը մոտակա բարձունքից թելադրում էր, թե որ ուղղությամբ պետք է պահել հրանոթի փողը։ Հիմա կարող եք դրոն ուղարկել և ստանալ մեծ հեռավորության վրա գտնվող օբյեկտի ճշգրիտ կորդինատները։ Նույնիսկ լրիվ պատկերը կարող եք ստանալ, եթե հասարակ քաղաքացիական դրոնի վրա տեսախցիկ ամրացնեք։ Զինվորականները հաստատում են՝ այս ամենը մի քանի անգամ ավելացնում է հրետանու հարվածների արդյունավետությունը։
Բայց քաղաքացիական դրոնների օգտագործման գլխավոր նպատակն, իհարկե, տեղեկություններ հավաքելն է։ Մասնագետները նույնիսկ խոսում են հետախուզության բնագավառում իսկական հեղափոխության մասին։ Այսինքն, եթե դուք բավարար քանակությամբ փոքր դրոններ ունեք, հակառակորդն այլևս գրեթե ոչինչ չի կարող ձեզնից թաքցնել։ Անօդաչու թռչող սարքերը անմիջապես հայտնաբերում են մարդկային ուժի կուտակումները, մանրամասն տեղեկացնում նրա բոլոր տեղաշարժերի մասին։ Այնպես որ, ռազմական գործողությունների գաղտնիությունը դառնում է խիստ հարաբերական։
Գիտեմ, որ շատերը հիմա հեգնանքով ասում են՝ ինչպե՞ս կարելի է լուրջ-լուրջ խոսել հասարակ քաղաքացիական դրոնների օգտագործման մասին, երբ պետությունները միմյանց դեմ բարձրակարգ, հետևաբար նաև չափազանց թանկ անօդաչու թռչող սարքեր են կիրառում։ Ամերիկյան Protectors-ների գինն, օրինակ, հասնում է 20 միլիոն դոլարի։ Ա′յ, հենց սա էլ քաղաքացիական դրոնների զանգվածային օգտագործման խոչընդոտներից մեկն է՝ շտաբներում նստած գեներալները այս դրոնները ուղղակի «չինական խաղալիքներ» են անվանում, մինչդեռ այսպես կոչված դաշտային հրամանատարները լավ էլ հասկացել են, թե ինչ էական դեր կարող են կատարել այդ «չինական խաղալիքները», որոնք Երևանում կարելի է հանգիստ ձեռք բերել նույնիսկ 50 հազար դրամով։
Թեև համոզված եմ, որ շատերը մեր ավանդական սովորության համաձայն կնախընտրեն շարունակել բողոքել բոլորից և ամեն ինչից՝ իսպառ մոռանալով, որ Վազգեն Սարգսյանը, հիշեցնելով հայտնի խոսքերը՝ ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից, ժամանակին ասել է. «Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրս վառի իր մոմը, և համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»։