ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեինսալուն ողջունել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների հաստատման վերաբերյալ հայկական կողմի պատրաստակամությունը: Նա այս հայտարարությունն արել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ աշխատանքային ճաշի ժամանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Էստոնիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ է հնարավոր բոլոր ջանքերը ներդնել տարածաշրջանում առկա խնդիրների խաղաղ կարգավորմանն աջակցելու ուղղությամբ:
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ ողջունել է Էստոնիայի ԱԳՆ հայտարարությունները Լաչինի միջանցքի շրջափակման կապակցությամբ և շնորհակալություն հայտնել Էստոնիայի հստակ դիրքորոշման համար:
Նախարար Ռեինսալուն իր հերթին շեշտել է, որ Էստոնիան խորապես հետաքրքրված է տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմամբ:
Նա ընդգծել է նաև, որ Էստոնիան լիովին սատարում է սահմանի երկայնքով ԵՄ տևական դիտորդական առաքելության տեղակայման որոշումը: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ինչպես հայ-էստոնական համագործակցությունն առավել խթանելուն, այնպես էլ ԵՄ Արևելյան գործընկերության հարթակն արդյունավետ օգտագործելու խնդիրներին։
Նշենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով է մեկնել էստոնիա։