ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Եվրամիությունը նախատեսում է Հայաստանի և Ադրբեջանի սահման ուղարկել նոր առաքելություն, որը կունենա մինչև 100 դիտորդ և երկամյա մանդատ կստանա: Տեղեկությունը հայտնում է եվրոպական Politico պարբերականը՝ հղում անելով ԵՄ դիվանագիտական ծառայության աղբյուրներին:
2022 թվականի հոկտեմբերին ԵՄ արտգործնախարարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում պաշտոնապես հաստատել են 40 դիտորդների ուղարկումը Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։ Հոկտեմբերի վերջին առաքելությունը տեղակայվեց և գործի անցավ։ Դրա մանդատը նախատեսված էր երկու ամսով ու լրացել էր դեկտեմբերի 19-ին։
«Երևանի իշխանության հետ փոխադարձ ընկալում կար, որ ներկայությունը վերականգնելու անհրաժեշտություն կա, բայց նախորդը չափազանց համեստ էր։ Այժմ տարածաշրջան կուղարկվեն մինչև 100 դիտորդ՝ անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականության լիարժեք առաքելության շրջանակում», - հայտնել է աղբյուրը պարբերականին։
Աղբյուրի խոսքով՝ երկամյա մանդատով առաքելության նախագիծը հաստատման համար կուղարկվի Բրյուսելի քաղաքականության և անվտանգության կոմիտե: