Ֆրանսիան և Գերմանիան կարող են Հունգարիայի հետ հանդես գալ ատոմային պատժամիջոցների դեմ

Հունգարիան Եվրոպայում միակ երկիրն է մնացել, որը «Ռոսատոմի» հետ համագործակցությամբ ԱԷԿ-ի նոր բլոկներ է կառուցում. մյուս երկրները հրաժարվել են պայմանագրերից:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Փարիզն ու Բեռլինը կարող են աջակցել Բուդապեշտին ատոմային էներգետիկան պատժամիջոցների տասներորդ փաթեթից հանելու հարցում, քանի որ ֆրանսիական և գերմանական ընկերությունները մասնակցում են «Պակշ-2» ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցմանը։ Այս կարծիքին է հունգարացի լրագրող, «Վալդայ» ակումբի անդամ Գաբոր Շտիրը:
Ինչպիսի ապագա ունի ատոմային էներգետիկան Հայաստանում
Ավելի վաղ ԶԼՄ-ները, վկայակոչելով լեհ և լիտվացի դիվանագետներին, հայտնել էին, որ ԵՄ-ն փետրվարի վերջին մտադիր է համաձայնեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների տասներորդ փաթեթը: Վարշավան և Վիլնյուսը ցանկանում են հասնել ռուսական միջուկային հատվածի սահմանափակումների, արգելել ռուսական մի շարք լրատվամիջոցներ, ավելի շատ բանկեր հանել SWIFT-ից և դադարեցնել ադամանդների առևտուրը, ինչպես նաև լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել Բելառուսի դեմ։ ԵՀ ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել է, որ տասներորդ փաթեթը հիմնականում կենտրոնացած է լինելու արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների սողանցքները փակելու վրա:
«Հուսով ենք, որ ատոմային էներգետիկայի դեմ պատժամիջոցներ չեն կիրառվի, բայց հակառուսական թևը` լեհերը, Մերձբալթյան երկրները, շատ-շատ են ուզում դա։ Բայց այդ դեպքում հարցն այն է, թե ինչ կլինի Ֆրանսիայի հետ։ Ֆրանսիան այդ ժամանակ ուրան չի ներկրի։ Ես չեմ խոսում այն մասին, որ Ամերիկան հանգիստ ներկրում է ռուսական ուրանը, որովհետև Եվրամիության մասին ենք խոսում։ Ի՞նչ կլինի Ֆրանսիայի հետ: Ես կարծում եմ և հույս ունեմ, որ Ֆրանսիան ու Գերմանիան կարգելափակեն այդ առաջարկը»,-ասել է Շտիրը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում։
Փորձագետը հիշեցրել է, որ Հունգարիան Եվրոպայում միակ երկիրն է, որը «Ռոսատոմի» հետ համագործակցությամբ ԱԷԿ-ի նոր բլոկներ է կառուցում, մինչդեռ մյուս երկրները` ինչպիսիք են Ֆինլանդիան և Բուլղարիան, հրաժարվել են պայմանագրերից:
«Եթե տնտեսական շահերն ավելի բարձր լինեն, քան քաղաքական շահերը, ապա հունգարառուսական այս նախագծին չեն դիպչի, քանի որ դրան մասնակցում են Ֆրանսիան, Գերմանիան, Ամերիկան, նշանակում է` նրանք լոբբինգ կանեն բացառության համար։ Տնտեսապես մեծ, ուժեղ արևմտյան երկրները դրանում լուրջ մասնաբաժիններ են ստացել և հուսով եմ, որ դա կօգնի»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Փորձագետը հույս է հայտնել, որ նույնիսկ եթե Ֆրանսիան չարգելափակի ատոմային էներգետիկայի ներառումը պատժամիջոցների փաթեթում, Հունգարիան կկարողանա իր համար բացառություն ստանալ, ինչպես արդեն ստացել է Ռուսաստանից ստացվող նավթի և գազի դեմ պատժամիջոցների հարցում, քանի որ «Պակշ» ԱԷԿ-ի նոր բլոկների կառուցման մասին պայմանագիրը ստորագրվել էր պատժամիջոցների փաթեթի ընդունումից շատ առաջ:
Մակրոնը մտադիր է Պուտինի հետ քննարկել Ուկրաինայում ատոմային էներգետիկայի հետ կապված վիճակը