ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Երուսաղեմի Հին քաղաքում հինգ տարի տևած վերակառուցումից հետո բացվել է Հայկական թանգարան։ Այս մասին հայտնում է Timesofisrael-ը։
«Երուսաղեմի հայկական թաղամասի որբանոցը, որը 1915 թվականի Ցեղասպանությունից հետո ընդունել է տասնյակ երեխաների, վերաբացվել է, այս անգամ` որպես թանգարան։ Այստեղ կարող եք ծանոթանալ քաղաքի հայ համայնքի հարուստ, թեկուզ և ցավալի պատմությանը»,- ասվում է հոդվածում։
Թանգարանի գլխավոր ցուցանմուշը 5-6-րդ դարերի նուրբ խճանկարն է՝ զարդարված էկզոտիկ թռչուններով և խաղողի որթերով:
Մարդիկյան թանգարանում ցուցադրում է հայկական մշակույթը, որը պատմում է հայ համայնքի և Սուրբ քաղաքի դարավոր կապի մասին: Այն միաժամանակ Հայոց ցեղասպանության յուրօրինակ հուշարձան է։
1850-ականներին որպես ուխտավորների պանսիոնատ կառուցված այս շենքը ծառայել է նաև որպես վանք, կոտորածից փրկված հայ երեխաների որբանոց, ճեմարան և վերջապես` փոքրիկ թանգարան ու գրադարան։
Թանգարանի տնօրեն Ցողիկ Կարակաշյանի խոսքով՝ մշակութային հաստատությունն այցելուներին կօգնի ավելի մոտիկից ճանաչել հայերին, ինչպես նաև ցույց կտա, որ հայկական համայնքը Երուսաղեմի պատմության մի մասն է:
Այժմ այնտեղ ներկայացված է հայկական արվեստը՝ խաչքարից մինչև սալիկներ։
«Այն ժամանակ, երբ Երուսաղեմը ձեռքից ձեռք էր անցնում կայսրությունների ստեղծման և անկման հետ մեկտեղ, հայերն այստեղ էին ապրում»,–նշվում է հոդվածում:
Ըստ պարբերականի՝ Երուսաղեմում բնակվում է մոտ 6000 հայ, որոնցից շատերը Արևմտյան Հայաստանից գաղթած փախստականների ժառանգներ եմ: Նրանց մեծ մասը բնակվում է պատմական հին քաղաքի գլխավոր թաղամասերից մեկում, որը հարում է 12-րդ դարի հայկական Սուրբ Հակոբ եկեղեցուն։
Սակայն հայերի կապը Սուրբ քաղաքի հետ հասնում է դարերի խորքը՝ ուշ Հռոմեական կայսրության ժամանակի վանականներից և ուխտավորներից մինչև Երուսաղեմի Հայ թագուհիներ։