Երկրաշարժ Թուրքիա–Իրան սահմանին. ցնցումները զգացվել են նաև Երևանում և ՀՀ 4 մարզում

Սոցցանցերի հայկական տիրույթում օգտատերերն արդեն գրառումներ են արել այն մասին, որ զգացել են ցնցումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Թուրքիայի և Իրանի սահմանին 3.6 մագնիտուգ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հրապարակված է emsc-csem.org կայքում։
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օգտատերերը նշում են, որ ցնցումներ զգացել են նաև Երևանում և Արարատի մարզում։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից էլ հայտնում են, որ երկրաշարժը զգացվել է Սյունիքի և Վայոց Ձորի մարզերում` 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։
«Սույն թվականի հունվարի 18-ին` տեղական ժամանակով ժամը 14:08-ին, ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ և արևելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ»,– հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ հունվարի 15-ին 4.7 մագնիտուդով երկրաշարժեր են տեղի ունեցել Թուրքիայի տարբեր հատվածներում։ Էպիկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ 3.4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Իզմիրի շրջանում` Էգեյան ծովի ափին։
Հունվարի 5-ին էլ Թուրքիայի արևմտյան ափերի մոտ 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։