Երևանում մարտի 1-ից MAN ավտոբուսները դուրս կգան երթուղի

Անդրեա Վիկտորինն ու Տիգրան Ավինյանը
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը փորձարկել է նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. MAN ավտոբուսները մարտի 1-ից դուրս կգան երթուղի։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Այսօր Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինի, ՎԶԵԲ երևանյան ներկայացուցչության ղեկավար Ջորջ Ախալկացիի, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Դեյվիդ Քալընի և Երևանի առաջին փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի հետ այցելեցինք ավտոբուսների հավաքակայան և փորձնական երթուղով փորձարկեցինք նոր ավտոբուսի հարմարավետությունը Երևանի փողոցներում»,– գրել է Ավինյանը:
«MAN» ավտոբուսներ
Նա նաև տեղեկացրել է , որ MAN ավտոբուսները շարունակում են ժամանել Երևան:
Հիշեցնենք, որ նոր ավտոբուսների վերջին խմբաքանակը` «Zhong Tong» մակնիշի 120 և «MAN» մակնիշի 36 ավտոբուս Երեւան էին ժամանել մի քանի օր առաջ։
Հավելենք՝ 2021-ի դեկտեմբերի տվյալներով՝ երևանյան երթուղիներում ներգրավված էին 249 հատ 2011թ-ի արտադրության«Հիգեր» մակնիշի, 19 հատ 2010-2011 թթ-ի «Հունդաի» մակնիշի, 91 հատ 2005-2009թթ-ի «Բոգդան» և «ՊԱԶ» մակնիշների ավտոբուսներ, ինչպես նաև` մոտ 750 հատ 10 և ավելի բարձր տարիքի միկրոավտոբուսներ։
Քաղաքապետարանի տվյալներով` Երևանի հասարակական տրանսպորտը մինչև 2023 թվականի գարուն կթարմացվի 90% - ով։ Նախատեսվում է ձեռք բերել 165 նոր ավտոբուս, որոնցից 87–ը կլինի 12 մետրանոց MAN ավտոբուս։