ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բրովարիում ուղղաթիռի կործանման պատճառների հետաքննությունը կարող է առնվազն մի քանի շաբաթ տևել։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Ուկրաինայի օդուժի հրամանատարության ներկայացուցիչ Յուրի Իգնատը:
Բրովարիում ուղղաթիռի կործանման վայր
© AP Photo / Daniel Cole
Ավելի վաղ Կիևի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան հայտնել էր, որ Բրովարիում մանկապարտեզի և բնակելի շենքերի մոտ ուղղաթիռ է ընկել: Վերջին տվյալով՝ մահացել է 18 մարդ, այդ թվում՝ Ուկրաինայի ներքին գործերի նախարար Դենիս Մոնաստիրսկին և նրա առաջին տեղակալ Եվգենի Ենինը, տուժել է 29 մարդ, որոնցից 15–ը երեխաներ են։
«Պատճառների մասին վաղ է խոսել։ Մի քանի գործոն կա, որոնք կարող են ազդել: Հանձնաժողովը կհետաքննի, և դա մեկ–երկու օրում չի լինի։ Կարծում եմ՝ կստեղծվի պետական հանձնաժողով, որում կընդգրկվեն ավիացիոն մասնագետներ և կուսումնասիրեն կատարվածի պատճառները»,- ասել է Իգնատը համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում։
Նա նշել է, որ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ուղղաթիռը (Super Puma) ստացել էին Ֆրանսիայից։
Ուկրաինայի ներքին գործերի նախարարի խորհրդական Անտոն Գերաշչենկոն ավելի վաղ հայտարարել էր, որ ուղղաթիռի կործանման պատճառ է դիտարկվում դիվերսիան, ինչպես նաև տեխնիկայի անսարքությունը, անվտանգության կանոնների խախտումը: