ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik, Նելլի Դանիելյան. ՀՀ «Ավիացիայի մասին» օրենքում առաջարկված վերջին փոփոխությունները կարող են օգնել Հայաստանին դուրս գալ եվրոպական «սև ցուցակից»։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայաստանի երբեմնի ազգային փոխադրող «Արմավիա» ավիաընկերության նախկին տնօրեն Նորայր Բելույանը` մեկնաբանելով ավիաընկերություններին լիցենզիայից զրկելու պայմանների խստացմանը վերաբերող օրինագիծը։
«Մեր միակ նպատակն այսօր այդ «սև ցուցակից» հնարավորինս շուտ դուրս գալն է։ Իսկ առանց նման կոշտ քայլերի դա հնարավոր չէ անել»,– ասաց Բելույանը։
Նշենք` խորհրդարանն օրերս առաջին ընթերցմամբ ընդունեց «Ավիացիայի մասին» օրենքում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է վատ հեղինակություն ունեցող ավիաընկերություններին լիցենզիա չտրամադրել կամ զրկել գործող լիցենզիայից։
Ըստ օրենքի` վատ հեղինակություն կարող է համարվել, եթե ընկերության խորհրդի անդամը, տնօրենը, խոշոր բաժնետերը կամ նրանց ընտանիքի անդամները դատվածություն ունեն, նախկինում դատարանով սնանկ են ճանաչվել կամ ունեն հարկային, վարկային չմարված պարտավորություններ, գտնվում են միջազգային հետախուզման մեջ և այլն։
«Իմ կարծիքով դա շատ ճիշտ որոշում է, չպետք է թույլ տալ, որ վատ համբավ ունեցող մարդը կամ մարդիկ զբաղվեն ավիափոխադրումներով, քանի որ դրա պատճառով կարող է ոչ միայն տվյալ ավիաընկերությունը, այլև մեր ամբողջ հանրապետությունը խայտառակվել։ Նման ավիաընկերություններին պետք է զրկել լիցենզիայից»,– ասաց «Արմավիայի» նախկին տնօրենը։
Հարցին, թե արդյո՞ք խստացումը չի հանգեցնի հայաստանյան ոչ այնքան շատ ավիաընկերությունների թվի կրճատմանը, Բելույանը պատասխանեց, որ մեր երկրի համար ավելի լավ է ունենալ մեկ մաքուր ու ճիշտ աշխատող շահագործող, քան 10 կեղտոտը, որոնց պատճառով երկիրն անվերջ կհայտնվի «սև ցուցակում» ու չի կարողանա այնտեղից դուրս գալ։
Միաժամանակ Նորայր Բելույանը չի բացառում, որ օրենքի նոր կարգավորումը նաև որոշակի մանիպուլյացիոն վտանգներ է պարունակում, օրինակ, քաղաքական ճնշումներ կիրառելու տեսակետից։
«Եթե քաղաքական նպատակներով ցանկանան, որ ինչ–որ մեկը զրկվի բիզնեսից, կարող են վատ համբավ չունեցող մարդուն ներկայացնել որպես վատ համբավ ունեցողի, բայց սա արդեն օրենքը քաղաքականացնելու հարց է։ Եթե մենք իրոք ցանկանում ենք դուրս գալ «սև ցուցակից», ապա պետք է զերծ մնանք քաղաքական շահարկումներից, աշխատենք կոշտ կարգավորումներով, ներպետական ու միջազգային օրենքներին համապատասխան։ Եվ շեշտը դնենք միայն այն նպատակի վրա, որ մեր ավիացիան զարգանա»,– ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ այդ դեպքում «սև ցուցակից» դուրս գալու հեռանկարը միանգամայն իրականանալի է։
Հիշեցնենք` 2020թ-ի հունիսի 2-ին Եվրահանձնաժողովը, հրապարակել էր ԵՄ ավիացիոն թարմացված «սև ցուցակը», որում առաջին անգամ ընդգրկվել էր նաև Հայաստանը՝ բոլոր տեղական ավիափոխադրողներով: «Սև ցուցակը» ԵՄ թռիչքային անվտանգության ցուցակն է (EU Air Safety List): ԵՄ-ի ավիացիոն կանոնակարգերի համաձայն` 2020թ–ի հունիսից արգելվել է հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք:
Նշենք, որ Հայաստանում ներկա պահին օդանավ շահագործելու արտոնագիր ունեն 9 ընկերություններ` «Հայկական Ազգային Ավիաուղիներ» ՓԲԸ–ն (Fly Arna), «Ֆլայուան Արմենիա» ՍՊԸ-ն (Fly One), «ԱՐՄԵՆԻԱ Էյրվեյզ» ՓԲԸ–ն, «Ավիակոմպանիա Արմենիա» ՍՊԸ–ն, «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ–ն, «ՆովԷյր» ՍՊԸ–ն, «Շիրակ Ավիա» ՍՊԸ–ն, «Սքայբոլ» ՍՊԸ–ն և «Հայկական Ավիաուղիներ» ՍՊԸ–ն։