Գրիգորյանը Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքները քննարկել է ՆԱՏՕ–ի ներկայացուցչի հետ

Խավիեր Կոլոմինա
Զրուցակիցները հանդիպման ընթացքում տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ մտքեր են փոխանակել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
«Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ճգնաժամն ու դրա բազմաոլորտ հետևանքները: Զրուցակիցները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրադրության շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշենք, որ Խավիեր Կոլոմինան Հայաստան է ժամանել հունվարի 17-ին։ Նա հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի հետ։
Կոլոմինան այս շաբաթ պատրաստվում է նաև Ադրբեջան այցելել։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։