Արցախում վաղվանից դպրոցներն ու ուսումնարանները չեն գործի

Պատճառն Ադրբեջանի կողմից գազամատակարարման և էներգամատակարարման խափանումն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հունվարի 19–ից Արցախում կդադարեցվի դպրոցների և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների դասագործընթացը։ Տեղկությունը հայտնում է Արցախի ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
Հայտնում են, որ պատճառը Ադրբեջանի կողմից Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարման և էներգամատակարարման խափանումն է։
Ուսումնական գործընթացի վերսկսման վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:
Նշենք, որ ավելի վաղ առաջացած սննդի սղության հետևանքով փակվել էր 41 մանկապարտեզ, 56 նախադպրոցական խումբ, 20 երկարօրյա ուսումնական հաստատություն։
Հիշեցնենք, որ Ադրբեջանն այսօր կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը:
Դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։