Արցախից ևս 6 մարդ է տեղափոխվել Հայաստան. մեկն 8–շաբաթական հղի է

Պացիենտները Հայաստան են բերվել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախի Հանրապետության «Հանրապետական բժշկական կենտրոնից» Հայաստանի Հանրապետություն է տեղափոխվել ևս 6 հիվանդ։ Տեղեկությունը հայտնում է Արցախի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։

«Հիվանդների մոտ ախտորոշվել է «OU- Անհասների ռետինոպաթիա IV-V աստիճան, ծիածանաթաղանթի ռուբիոզ, եղջերաթաղանքի պղտորում, լեյկորիա, աֆակիա», «Th12 ողի մարմնի նորագոյացություն, Th12 L1 ողերի մարմինների օստեոիդ օստեոմա», «Գլխուղեղի նորագոյացություն», «Գլխուղեղի ձախ ճակատային բլթի նորագոյացություն» և «Հետխոլեցիստեմիկ համախտանիշ, մեխանիկական դեղնուկ, խոլանգիտ, ռեզիդուալ խոլեդոխոլիթիազ»»,– ասվում է հաղորդագրությունում։

Նշվում է, որ տեղափոխվածների թվում է նաև 8–շաբաթական հղի կին։
Պացիենտները տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ, իսկ Արցախի բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։
Նշվում է, որ «Արևիկ» բուժմիավորումում 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում:
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 9 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Նրանցից 4-ը ծայրահեղ ծանր վիճակում են։
Հավելենք, որ մինչ օրս Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։