Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը

Գազամատակարարումը կրկին ընդհատվել, ապա ժամեր վերականգնվել էր նաև հունվարի 17–ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Ադրբեջանը կրկին խափանել է Հայաստանից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
«Արցախգազ ընկերությունը հայտնում է, որ հանրապետություն գազ չի մատակարարվում և ներկայումս օգտագործվում է խողովակներում առկա գազը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։