Ադրբեջանն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները. Միրզոյան

Արարատ Միրզոյան. Արխիվային լուսանկար
ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ Հայաստանի առաջարկություններին պատասխանելու փոխարեն Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լաչինի միջանցքում և ԼՂ–ում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանն արդեն 1 ամիս է՝ սպասում է խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ Ադրբեջանին ուղարկված առաջարկությունների արձագանքին։ Այս մասին այսօր ԱԺ–ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Եթե կհիշեք, մենք Լաչինի միջանցքի ապօրինի փակումից հետո չմասնակցեցինք Մոսկվայում նախատեսված եռակողմ հանդիպմանը, որը ենթադրաբար պետք է շարունակեր խաղաղության պայմանագրի նախագծի քննարկումները։ Հասկանալի պատճառներով չմասնակցեցինք, բայց միևնույն ժամանակ մենք մեր խմբագրական առաջարկներն ենք ներկայացրել ադրբեջանական կողմին ու այժմ սպասում ենք նրանց արձագանքին»,– ասաց Միրզոյանը։
ԱԳ նախարարը շեշտեց, որ աշխատանքային պրոցեսը ենթադրում է փոխադարձ առաջարկությունների ներկայացում մինչև այն պահը, երբ հնարավոր կլինի պայմանագրի նախագծի շուրջ վերջնական համաձայնության հասնել։
«Եվ այսպես, մենք մեր հերթական առաջարկությունները ներկայացրել ենք ադրբեջանական կողմին ու արդեն կարելի է ասել` շուրջ 1 ամիս է արձագանք չունենք։ Ես ուզում եմ ընդգծել, որ թյուր են այն պատկերացումները, թե հայկական կողմը դադարեցրել է կամ արգելակում է խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ աշխատանքները։ Կրկնում եմ` մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, և, ահա, ադրբեջանական կողմի պատասխանը պիտի լինի, որը մինչ այս պահը չկա։ Ստացվում է, որ անկախ հանդիպումներից, ադրբեջանական կողմն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները»,– ասաց Միրզոյանը։
Խաղաղության օրակարգը նիրվանա չէ` այնտեղ էլ կան սպառնալիքներ. Փաշինյան
ԱԳ նախարարը նաև շեշտեց, որ փոխարենը Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողությունները Լաչինի միջանցքում և ԼՂ–ում։
Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին էր փոխանցել հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հինգ կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ է ավելացրել և ուղարկել իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։