ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ադրբեջանական կողմը Ռուսաստանին տվյալներ է փոխանցել առ այն, որ հայկական կողմը Լաչինի միջանցքով ականներ է տեղափոխել դեպի Արցախ։ Ասուլիսի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«Ես երեկ խոսում էի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ։ Լաչինի միջանցքը, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն, պետք է ազատ լինի բեռնատարների տեղափոխման, ինչպես նաև քաղաքացիների և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժման համար։ Բնականաբար, այնտեղ առանձին նշված է նաև, որ ոչ մի ռազմական բեռ այդ ճանապարհով չպետք է անցնի։ Ադրբեջանցիները տվյալներ են տվել, որ հայկական կողմն ականներ է տեղափոխել։ Նշել են, որ հայտարարության խախտմամբ դրանք օգտագործվել են ադրբեջանական դիրքերի հարակից տարածքներն ականապատելու համար։ Այժմ մեր զինվորականներն ուսումնասիրում են դրանք»,– ասաց Լավրովը։
Նրա խոսքով` շատ են փոխադարձ մեղադրանքները, իրենք էլ առաջարկել են շատ պարզ մի բան` ռուս խաղաղապահների զորախումբը, որը,եռակողմ հայտարարության համաձայն, լիազորված է վերահսկել երթևեկությունը, ունի բոլոր հնարավորությունները, որպեսզի ստուգի յուրաքանչյուր տրանսպորտային միջոց` պարզելու այնտեղ արգելված, ոչ մարդասիրական, ոչ քաղաքացիական ապրանքներ կան, թե ոչ։
«Երեկ կամ նախորդ օրը տեղի է ուենցել Ադրբեջանի ներկայացուցչի հանդիպումը Ղարաբաղի ներկայացուցիչների հետ` ռուսական զորախմբի հրամանատարի մասնակցությամբ։ Ես կարծում եմ, որ հարցը մոտ ժամանակներս կկարգավորվի»,– նշեց Լավրովը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան գազամատակարարումը վերականգնվեց։
Գազամատակարարումը կրկին ընդհատվեց, ապա ժամեր անց վերականգնվեց նաև հունվարի 17–ին։
Այսօր հայտնի դարձավ, որ Ադրբեջանը կրկին խափանել է Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքը։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։