ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 3 անձ է հոսպիտալացվել «Այրվածքաբանության ազգային կենտրոն», հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
Հայտնել էինք` այսօր, ժամը 17:48-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղում՝ գազաբալոնի տեղադրման կետում, տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ:
Պայթյուն Զովունիում` գազաբալոնի տեղադրման կետում
«Պարզվել է, որ գազաբալոնի տեղադրման և սպասարկման կետի նկուղում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ. այրվել է արտահոսած գազը։ Տուժածներ Գ. Ս.-ն, Է. Մ.-ն և Ս. Գ.-ն տարբեր աստիճանի մարմնական այրվածքներով հոսպիտալացվել են»,–ասված է հաղորդագրության մեջ։
Պայթյունի հետևանքով վերգետնյա հատվածում փլուզվել են պատեր (100 քմ), կոտրվել ապակիներ, վնասվել տարածքում կայանած «Honda Pilot», «Mercedes-Benz Vito» և «Ford» մակնիշների ավտոմեքենաները։
Աշխատակից Թ. Ե.-ին ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։