ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որն աշխատանքային այցով գտնվում է Էստոնիայում, այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Համալսարանի երիտասարդ գիտնականները ՀՀ նախագահին են ներկայացրել տիեզերագիտության ոլորտում գրանցած իրենց հաջողությունները, ինչպես նաև հայ գործընկերների հետ համագործակցությունը, Հայաստանի Լոռու մարզում գտնվող Սմարթ կենտրոնում իրականացվող համատեղ ծրագրերը։
Վահագն Խաչատուրյանը այցելել է Տալլինի տեխնոլոգիական համալսարան և e-Estonia «էլեկտրոնային Էստոնիա» թվայնացման կենտրոն
© Photo : official site of the President of RA
Այնուհետև Վահագն Խաչատուրյանն այցելել է e-Estonia «էլեկտրոնային Էստոնիա» թվայնացման կենտրոն, որտեղ կենտրոնի գործադիր տնօրեն Ավե Լաուրինգսոնը նախագահին է ներկայացրել կենտրոնի գործունեությունը, հայեցակարգը և իրականացվող ծրագրերը:
Այցելությունների ժամանակ ՀՀ նախագահը քննարկել է փոխգործակցության ակտիվացման հեռանկարները և նոր համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները:
Ավելի վաղ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ:
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ
© Photo : official site of the President of RA
Նախագահները բարձր են գնահատել երկու երկրների միջև երկկողմ ու բազմակողմ համագործակցությունը՝ կարևորելով ապագային ուղղված ծրագրերի իրագործման անհրաժեշտությունը։
Վահագն Խաչատուրյանը ընթրիքից հետո դաշնամուր է նվագել։