Պրոբլեմները Փաշինյանի գրպանն են գցե՞լ, թե՞ նրան են Հայաստանի գրպանը գցել. Մամիջանյան

Հայկ Մամիջանյան. Արխիվային լուսանկար
Հայկ Մամիջանյանը նշեց, որ Փաշինյանի ղեկավարման օրոք ՀՀ անունից հիմնական բանակցողը սկսեց ակտիվորեն շրջանակել ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք միշտ եղել են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Պատմության մեջ առաջին անգամ պաշտոնական Երևանն ու Ստեփանակերտը հակասություն ունեն Արցախի ճակատագրի հետ կապված, ընդ որում, Ստեփանակերտը պնդում է, որ այն չի կարող հայտնվել Ադրբեջանի կազմում, իսկ Երևանը դա չի ասում։ Ազգային ժողովի նիստին` հայտարարությունների ժամին, ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա նշեց, թե ժողովրդի մեջ մի կարծիք կա, ըստ որի` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրում ստեղծված իրավիճակի հետ որևէ կապ չունի` ամեն ինչ նրա «գրպանն» են գցել։ Սակայն պատգամավորը հավելեց, որ հակառակի մասին խոսող մի քանի փաստեր կթվարկի։
«Փաշինյանի ղեկավարման օրոք առաջին անգամ պաշտոնական Երևանի ներկայացուցիչն ասաց, որ ՌԴ-ն և ռուսական ռազմաբազան Հայաստանի անվտանգության սպառնալիք են։ Առաջին անգամ ՀՀ կողմից հիմնական բանակցողը ներմուծեց բանակցային գործընթաց Ալմա-Աթայի հռչակագրի թեզը, որն աղերս ունենալ չի կարող ԼՂ կարգավորման հետ, քանի որ դրանից 20 օր առաջ ԼՂ–ն հանրաքվեով անկախություն էր հռչակել, իսկ ՀՀ–ն այդ հռչակագրին վերապահումով էր միացել»,–ասաց Մամիջանյանը։
Նրա խոսքով` Փաշինյանի ղեկավարման օրոք ՀՀ անունից հիմնական բանակցողը սկսեց ակտիվորեն շրջանակել ՄԱԿ-ի 4 բանաձևերը, որոնք միշտ եղել են ադրբեջանական քարոզչամեքենայի թեզը։ Ավելին, երբ Արցախը շրջափակման մեջ էր, ՀՀ ղեկավարը միայն 8-րդ օրը հանդիպեց ՀՀ–ում հավատարմագրված դեսպանների հետ, այն էլ, ըստ պատգամավորի տեղեկությունների, դա պլանավորված հանդիպում էր։
Մամիջանյանը նշեց, որ առաջին անգամ ԱԺ–ն հրաժարվում է ընդունել փաստաթուղթ, որով ամրագրվում է` Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Փաշինյանը չի ընդունում, որ Արցախը կարող է ունենալ կարգավիճակ, իսկ միջազգային հանրությունը դա ընդունում է։ Բացի այդ, առաջին անգամ է, որ հայկական կողմը համաձայնել է ստորագրել մի փաստաթղթի տակ, որով չի հստակեցվում Արցախի կարգավիճակը։
Ուստի, ըստ պատգամավորի, պետք է հասկանալ` պրոբլեմները Փաշինյանի գրպա՞նն են գցել, թե՞ ինչ-որ մեկն է Փաշինյանին Հայաստանի գրպանը գցել։
Առաջնագծում շատ բան ենք տեսել, դրա համար էլ քչախոս ենք․ Մանուկյանը՝ Քոչարյանին