Նյարդաբան Մարինե Թանաշյանն արժանացել է Ռուսաստանի կառավարության պետական մրցանակի

Բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Թանաշյանը . Արխիվային լուսանկար
Մարինե Թանաշյանն ավելի քան 700 գիտական աշխատանքների հեղինակ է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ԵՊԲՀ շրջանավարտ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մարինե Թանաշյանը գիտության և տեխնիկայի բնագավառում արժանացել է Ռուսաստանի կառավարության պետական մրցանակի, տեղեկանում ենք Ռուսաստանում հայերի միությունից։
Նա մրցանակի է արժանացել պրակտիկայում անոթային նյարդավիրաբուժության և սուր ուղեղանոթային պաթոլոգիայի ինտենսիվ թերապիայի մեթոդների մշակման և ներդրման համար:
Մարինե Թանաշյանը նյարդաբան է, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ, Ռուսաստանի Դաշնության գիտության վաստակավոր գործիչ, «Գիտական կենտրոն» դաշնային պետական հիմնարկի 1-ին նյարդաբանական բաժանմունքի վարիչ։
Թանաշյանն ավելի քան 700 գիտական աշխատանքների հեղինակ է, այդ թվում՝ 8 մենագրության, բժիշկների համար10 մեթոդական ձեռնարկների։ Նրա ղեկավարությամբ պաշտպանվել են բազմաթիվ դոկտորական և թեկնածուական ատենախոսություններ։
Թանաշյանը 2019-ին Հայաստանում մասնակցել է 5-րդ միջազգային բժշկական համագումարին, հանդես եկել ելույթով։