ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստան և Ադրբեջան

Խավիեր Կոլոմինա
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցչի այցը տարածաշրջան կկայանա այս շաբաթ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Տեղեկությունը հայտնում են` ադրբեջանական լրատվամիջոցները` հղում անելով ՆԱՏՕ-ի պաշտոնական ներկայացուցչին։
Կոլոմինան Հայաստան և Ադրբեջան կայցելի այս շաբաթ։
«Այցը երկու երկրների պաշտոնյաների հետ պարբերական քաղաքական խորհրդակցությունների մաս է կազմում։ Այցի ընթացքում հատուկ ներկայացուցիչը բարձրաստիճան անձանց հետ կարծիքներ կփոխանակի տարածաշրջանային անվտանգության ոլորտում տեղի ունեցող իրադարձությունների և այդ երկրների հետ ՆԱՏՕ-ի գործընկերության վերաբերյալ»,–ասված է հաղորդագրության մեջ:
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ այցի հստակ օրը չի նշվում։
Հիշեցնենք` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հոկտեմբերի 4-ին Բրյուսելում հանդիպել էր Կոլոմինայի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը Հայաստան էր այցելել նաև 2022 թվականի ապրիլին։ Նրան ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։