Էստոնիայի խորհրդարանի նախագահը Վահագն Խաչատուրյանին ասել է` ինչու է այցելել Շուշի

Վահագն Խաչատուրյանն այցելել է Էստոնիայի խորհրդարան և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ
Էստոնիայի խորհրդարանի նախագահն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Լաչինի մարդասիրական միջանցքը և ընդհանրապես որևէ հումանիտար միջանցք չի կարող շրջափակված մնալ և վտանգել հազարավոր մարդկանց կյանքն ու առողջությունը։ Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը, այս տեսակետը հայտնել է Էստոնիայի խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային առկա զարգացումներին և հիմնախնդիրներին՝ մասնավորապես Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամի վտանգներին։ Ռատասն անթույլատրելի է որակել հումանիտար աղետի սպառնալիքը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Վահագն Խաչատուրյանն այցելել է Էստոնիայի խորհրդարան և հանդիպում ունեցել խորհրդարանի նախագահ Յուրի Ռատասի հետ
Նշվում է նաև, որ Ռիյգիկոգուի նախագահն անդրադարձել է նաև Շուշի կատարած իր այցելությանը և նշել, որ նպատակ է ունեցել զուտ տեղում ծանոթանալ ընդհանուր իրավիճակին: Նա նշել է՝ Էստոնիան իր հնարավորությունների սահմաններում պատրաստ է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգին (մի շարք երկրների խորհրդարանների ղեկավարներն ու փոխնախագահներն Շուշի էին այցելել նախորդ տարվա մայիսին. խմբ)։
Հայաստանի և Էստոնիայի նախագահները քննարկել են Արցախում տիրող իրավիճակը
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել է։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։