ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իշխանական պատգամավոր Լիլիթ Մինասյանն Ազգային ժողովի հայտարարությունների ժամին թվարկեց, թե Լաչինի միջանցքը փակվելուց հետո իշխանությունն ինչ քայլեր է արել դրա ապաշրջափակման համար։
Մասնավորապես, Մինասյանը նշեց, թե ընդդիմադիրների կողմից հաճախ է շրջանառվում այն միտքը, որ ՀՀ–ն ձեռք է քաշել Արցախից և ոչինչ չի անում Լաչինի հարցով։
«Ներկայիս իրավիճակի համար կա կոնսենսուսային մի քանի ուղի` քաղաքական, դիվանագիտական և իրավական։ Հատուկ ընդդիմադիր գործընկերների համար ուզում եմ թվարկել այն գործողությունները, որոնք իրականացվել են Լաչինի շրջափակման առաջին իսկ օրվանից։ Դեկտեմբերի 14-ին ԱԺ–ն հայտարարություն է ընդունել Ադրբեջանի կողմից ԼՂ–ում հումանիտար ճգնաժամ հարուցելու մասին։ Ճգնաժամի առաջին օրվանից ԱԺ մեր գործընկերները նամակներ են հղել միջազգային բոլոր գործընկերներին»,–ասաց պատգամավորը։
Նրա խոսքով` հանդիպումների և այցերի շրջանակներում ամենօրյա ռեժիմով ապահովվում են տեղեկատվության թարմացումները։ Լաչինը փակելու առաջին իսկ օրը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ` կարևորելով ԼՂ–ի և Հայաստանի միջև անխափան կապի ապահովումն ու խաղաղապահների հետևողական քայլերի իրականացումը։ ՀՀ վարչապետը դեկտեմբերի 26-ին և 27-ին Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, որտեղ կրկին Պուտինի հետ Լաչինի թեմայով առանձնազրույց է ունեցել։ Իսկ ՀՀ ԱԳ ղեկավարը հեռախոսազրույցներ է ունեցել մի շարք միջազգային գործընկերների հետ։
Բացի այդ, Մինասյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 13-ին և 19-ին ԱԽ նիստ է տեղի ունեցել, որոնց օրակարգային հարցը Լաչինի միջանցքի ճգնաժամն էր։
Պատգամավորը նշեց, որ իշխանությունն իրավական առումով էլ քայլեր է իրականացրել` հիշեցնելով, որ ՀՀ–ն դիմել է ՄԻԵԴ և Հաագա։
«Քանի դեռ Լաչինի միջանցքը փակ է, ոչ մեկին չի բավարարում այս ամենի արդյունքները։ Սակայն վստահեցնում եմ, որ իշխող ուժը ջանք չի խնայելու խնդրի լուծման համար»,–ամփոփեց իշխանական պատգամավորը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Այսօր՝ հունվարի 17-ին, գազամատակարարումը կրկին ընդհատվել է։
Հունվարի 9-ից ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքից անջատվել է նաև Հայաստանից դեպի Արցախ էներգասնուցումը: Ադրբեջանական կողմը հնարավորություն չի տալիս, որ մասնագետները մոտենան և հասկանան պատճառները՝ անհրաժեշտության դեպքում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Արցախում էլենտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է հովհարային անջատումներով։
Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։