ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը երեքշաբթի օրը Թեհրանում ՌԴ նախագահի օգնական Իգոր Լևիտինի հետ քննարլել է Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման նախագիծը «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը:
Մոհբերը նշել է, որ «Իրանի և Ռուսաստանի իշխանությունների միջև նման հանդիպումները կհանգեցնեն երկու երկրների միջև պայմանավորվածությունների շուտափույթ իրականացմանը»:
Քննարկելով «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի շրջանակներում Ռաշթ-Աստարա երկաթուղու կառուցման նախագիծը՝ Մոհբերը գնահատել է ռուսական ընկերությունների մասնակցությունը դրա համար անհրաժեշտ լոգիստիկ ենթակառուցվածքի ստեղծմանը, ինչպես նաև մատնանշել է երկու երկրների միջև բանկային լուրջ խնդիրների առկայությունը: Նրա խոսքով՝ դրանց լուծման համար անհրաժեշտ է ամբողջությամբ անցնել առևտրի ոլորտում ազգային արժույթների օգտագործմանը, ինչը կհեշտացնի Իրանի և ՌԴ-ի միջև տարանցիկ մատակարարումները:
Ռաշթ–Աստարան «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում ճանապարհի մի հատված է, որը Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայի նավահանգիստ (Հնդկաստան) ձգվող մուլտիմոդալ երթուղի է՝ 7,2 հազար կմ երկարությամբ: Այն այլընտրանք է հանդիսանում ծովային ճանապարհին, որը Եվրոպան, Պարսից ծոցի երկրները և Հնդկական օվկիանոսը միացնում է Սուեզի ջրանցքով:
Իրանը Ռաշթ Աստարա երկաթուղու կառուցման նախագծի մասին համաձայնագիրը ստորագրել է դեռ 2005 թվականին։ Շինարարության ակտիվ փուլը սկսվել է միայն 2018 թվականին։