ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Լաչինի միջանցքի փակումը հեռացնում է տարածաշրջանում խաղաղության հեռանկարները։ Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանն այս մասին գրել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին ուղղված իր նամակում։ Տեղեկությունը հայտնում է թուրքական T24 կայքը։
Փայլանը նշել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհն արդեն ավելի քան մեկ ամիս փակվել է ադրբեջանցիների կողմից, որոնք իրենց էկոակտիվիստներ են անվանում։
«Լաչինի միջանցքի փակման պատճառով Լեռնային Ղարաբաղում սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների դեֆիցիտ է առաջացել։ Լեռնային Ղարաբաղից 120.000 հայ լուրջ հումանիտար ճգնաժամի է բախվել, հատկապես այս եղանակին՝ բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումների պատճառով», - գրել է Փայլանը։
Կարո Փալյանը Չավուշօղլուին հարցրել է, թե ինչ է անում թուրքական կառավարությունը Լեռնային Ղարաբաղում խորացող հումանիտար ճգնաժամը լուծելու համար, ինչ դիվանագիտական նախաձեռնություններ ունի Լաչինի միջանցքի բացման համար։
Փայլանը նաև հարցրել է, թե ինչու Թուրքիան, որը հպարտանում է աշխարհում բազմաթիվ հումանիտար ճգնաժամերի լուծման մասնակցությամբ, ոչ մի ջանք չի գործադրում շրջափակման մեջ գտնվող 120 հազար հայերին պաշտպանելու համար։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։