ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է Իրանի մայրաքաղաք Թեհրան։ Տեղեկությունը հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։
«Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանիի հրավերով Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունվարի 17-19-ը պաշտոնական այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաքում»,– ասված է հաղորդագրությունում:
Այցի շրջանակում Երևանի և Թեհրանի միջև կստորագրվի քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագիր: Երևանի քաղաքապետը հանդիպումներ կունենա Թեհրանի գործընկերոջ՝ Ալիռեզա Զաքանիի և քաղաքային խորհրդի նախագահ Մոստաֆա Չամռանիի հետ:
Երևանյան պատվիրակության անդամները կայցելեն նաև քաղաքային տնտեսության կառավարման մի շարք կառույցներ: