ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Էստոնիայի նախագահը։
«Երկուստեք համաձայնել ենք, որ անհրաժեշտ է խաղաղ կարգավորման ուղիներ գտնել։ Կոչ ենք անում բանակցությունների միջոցով հասնել համապարփակ և կայուն խաղաղության` միջազգային հանրության աջակցությամբ»,– գրել է նա։
Նախագահ Կարիսը հավելել է, որ Էստոնիան աջակցում է հայ– ադրբեջանական սահմանի երկայնքով ԵՄ դիտորդական առաքելության մեկնարկին։
Հիշեցնենք` դեկտեմբերի 12-ի առավոտյան Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։
Դեկտեմբերի 13-ից ադրբեջանական կողմն անջատել էր նաև Արցախի գազամատակարարումը։ Դեկտեմբերի 16–ի առավոտյան Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը հայտնեց, որ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է, և դա արվել է առանց որևէ նախապայմանի։
Լաչինի միջանցքը, սակայն, շարունակում է փակ մնալ։